ՀԱՄԱՅՆՔ ԳԱՎԱՌ
ՄԱՐԶ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ
Գավառ քաղաքը Գեղարքունիքի մարզի վարչական, կրթական եւ մշակութային կետնրոնն է: Ներկայիս Գավառ /տարբեր ժամանեկներում` Նոր Բայազետ, Կամո/ քաղաքի եւ նրա շրջակա գյուղերի բնակիչների մեծ մասը վերաբնակեցվել են հին Բայազետից, որը պատմական Հայաստանի հիշարժան բնակավայրերից մեկն էր` իր բերդով, եկեղեցիներով, սրբավայրերով, հերոսական անցյալով: Գավառ քաղաքն, ինչպես նաեւ իր տարածաշրջանը, ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի», մտել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի մեջ: Գավառ քաղաքի բնակատեղին գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-րդ դարում: Քաղաքը հիմնադրվել է Ուրարտական թագավոր Ռուսա 1-ի կողմից /մ.թ.ա. 735-713թթ./, որի ապացույցն է Գավառի «Դարի գլուխ» կոչված դամբարանադաշտում հայտնաբերված մ.թ.ա. 732թ. սեպագիր արձանագրությունը: Հնագիտական պեղումներից պարզվեց, որ այս տարածքը մ.թ.ա. 2-1 հազարամյակից եղել է բնակեցված: Քաղաքը բնակեցված է եղել նաեւ Արշակունիների թագավորության ժամանակահատվածում /66-428թթ./: Գաղթական բայազետցիները Գավառ պատմական ավանի տեղում 1830թ. Հիմնեցին Նոր Բայազետ բնակավայրը: Գավառը 1830թ. դառնում է Հայաստանի կարեւոր տնտեսական կենտրոններից մեկը, իսկ 1960 – 1991թթ. քաղաքում կառուցվեցին բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, փողոցները ասֆալտապատվեցին եւ լուսավորվեցին, կառուցվեցին բազմաթիվ բազմաբնակարան շենքեր, բարելավեց ժողովրդի կենսամակարդակը:
Խորհրդային Միության փլուզումից եւ անկախ պետականության հռչակումից հետո, Հայաստանում ամբողջությամբ պահպանվել էր խորհրդային վարչական համակարգից ժառանգություն մնացած տեղական խորհուրդների համակարգը, որն իր բնույթով և էությամբ տեղական ինքնակառավարում որակվել չէր կարող, քանզի տեղական խորհուրդները հանդիսանում էին պետական իշխանության մարմիններ:1996 թվականին Հայաստանի Հանրապետությունում կազմավորվեց Տեղական ինքնակառավարման համակարգը: Տեղական ինքնակառավարումը´ համայնքի իրավունքն ու կարողությունն է սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը: Այսպես է սահմանված Տեղական ինքնակառավարումը ՀՀ Սահմանադրությամբ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի´ 1996թ. Գավառում առաջին անգամ անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց Ֆելիքս Արտավազդի Ղարաբաղցյանը: Նա պաշտոնավարել է մինչև 2002թ.:Գավառի երկրորդ քաղաքապետ ընտրվեց Գրիշա Մուշեղի Հովեյանը, որը պաշտոնավարեց մինչև 2005թ. հոկտեմբերի 25-ը:
Գավառի երրորդ քաղաքապետն է Գուրգեն Երվանդի Մարտիրոսյանը, ով պաշտոնավարում է մինչ օրս:
Քաղաքապետարանն առաջնորդվում է «Չկա քաղաքի բնակչին հետաքրքրող հարց, որը չի վերաբերում քաղաքապետարանին» սկզբունքով և իր առջև նպատակ է դրել բարելավել և զարգացնել քաղաքի տնտեսական, սոցիալական, մշակույթի ռեսուրսները և շրջակա միջավայրի պահպանությունը:
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Կից ներկայացված է տեղեկատվություն Գավառի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթամշակութային և արտադպրոցական հաստատությունների մասին
Facebook
Location on Google Maps
YouTube