ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեծ պահքի երրորդ կիրակին ունի արարչության երրորդ օրվա ու այս կյանքի երրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Անառակի կիրակի»: Այս անունը վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից, որտեղ պատմվում է, թե ինչպես անսկիզբ Հայրն Իր Միածին Որդուն առաքեց աշխարհ՝ գտնելու Իր կորուսյալ պատկերը՝ մարդկային բնությունը, և մեղքերից ետ դարձնելու անառակ որդուն: Եվ Աստծու Որդին, ավլելով Իր տունը՝ մեղսալից աշխարհը, գտավ կորուսյալ դրամը՝ մոլորված ոչխարին, այսինքն՝ մարդուն, և նրան Իր ուսերի վրա դնելով, որտեղ խաչն էր՝ հանեց երկինք: Անցյալ կիրակիներից հայտնի է, որ առաջին կիրակիի ընթերցումները սպառնալիքներ էին Տիրոջ կողմից՝ ասված Եսայի մարգարեի ու առաքյալների միջոցով, իսկ երկրորդինը՝ համակ հանձնառություն և աղերսանք: Իսկ այս կիրակի Տիրոջ անունից հայտնություն է տրվում հնազանդվածներին՝ ուշք դարձնելով մեր Տիրոջ հարության մեծ օրվան, թե ինչպես մոր որովայնում, այնպես էլ պահքի արգանդում կարող ենք սրտով աչալուրջ լինել ահավոր Քահանայապետի առջև:
|