ՈՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԴՈՆՈՐ
Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,
լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր):
արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/ դիաստոլիկ ճնշումը` 60-100 միլիմետր սնդիկի սյուն և սիստոլիկ զարկերակային ճնշումը 90-160 միլիմետր սնդիկի սյուն
երակազարկը լինի 60-90 զարկ 1 րոպեում
Արյունատվության հակացուցումները
Հակացուցումները կարող են լինել.
բացարձակ, երբ մարդը երբևէ չի կարող հանձնել արյուն
ժամանակավոր, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:
Բացարձակ հակացուցումներն են.
Վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, ՁԻԱՀ, վիրուսային հեպատիտներ (երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ) սիֆիլիսի (բնածին կամ ձեռքբերովի), տուբերկուլյոզի բոլոր ձևերը, բրուցելոզ, բծավոր տիֆ, տուլարեմիա, բոր, էխինոկոկոզ և այլն):
Սոմատիկ հիվանդություններ (չարորակ նորագոյացություններ և արյան հիվանդությունները, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ, հոգեկան հիվանդություններ, խուլհամրություն, ալկոհոլիզմ, թմրամոլություն)
Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ (գերճնշումային (հիպերտոնիկ) հիվանդություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղի անոթային հիվանդություններ, թրոմբոֆլեբիտ, երակների վարիկոզ լայնացում, սրտի արատներ (բնածին և ձեռքբերովի) էնդոկարդիտ, միոկարդիտ):
Շնչառական օրգանների հիվանդություններ (թոքերի էմֆիզեմա, թոքային ֆիբրոզ, ասթմա (հեղձուկ), օբստրուկտիվ բրոնխիտ, բրոնխոէկտատիկ հիվանդություն)
Լյարդի և լեղուղիների հիվանդություններ (քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիռոզ, լեղապարկի քարեր խոլեցիստիտով, խոլանգիտ)
Երիկամների և միզուղիների հիվանդություններ (երիկամների խողովակամիջանկյալային (տուբուլոինտերստիցիալ) հիվանդություններ, երիկամային անբավարարություն)
Շարակցական հյուսվածքի սիստեմային (տարածուն) ախտահարումներ
Ճառագայթային հիվանդություն
Ներզատական համակարգի հիվանդություններ (նյութափոխանակության արտահայտված խանգարումներով)
Աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ՝ տեսողություն (± 6 դիոպտրիա և ավելի), անոթացանցենու բորբոքման մնացորդային երևույթներ (խորիոռետինային բորբոքում, իրիտ, իրիդոցիկլիտ), տրախոմա:
Մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ (ներառյալ պսորիազ, վիտիլիգո)
Ոսկրաբորբ (օստեոմիելիտ)
Վիրահատություններ (կյանքի ընթացքում որևէ օրգանի հեռացում (ստամոքս, երիկամ, փայծաղ, արգանդ իր հավելումներով, ձեռք, ոտք, աչք և այլն))
Ինչպես նախապատրաստվել արյունատվության
Եթե Դուք համապատասխանում եք նշված պայմաններին, ապա`
արյունատվության օրը չպետք է օգտագործեք յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ,
արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործեք ոգելից խմիչքներ,
Ձեր ընտրած արյան կետը ներկայանաք անձնագրով և/կամ զինվորական գրքույկով/:
Դոնորը լրացնում է հարցաթերթիկը, որում նշում է իր առողջական վիճակի և ապրելակերպի մասին, որից հետո անցնում է լաբորատոր հետազոտություն և զննվում է թերապևտի կողմից: Արյունատվության գործընթացն իրականացվում է միանվագ ստերիլ պարագաներով: Արյունատվությունն իրականացվում է ժամը 9.00-12.30-ը ամեն օր, բացի հանգստյան և տոնական օրերից: Ցանկալի է չնախատեսել արյունատվություն քննություններից, մրցումներից և այլ ինտենսիվ աշխատանքներից առաջ:
Արյունատվությունից հետո անհրաժեշտ է.
10-15 րոպե մնալ հանգիստ պառկած վիճակում,
վիրակապը պահել 1.5-2 ժամ,
այդ օրը չզբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով,
չօգտագործել ոգելից խմիչք,
լավ սնվել և խմել շատ հեղուկ:
Պատվաստումների կատարում թույլատրվում է արյունատվությունից առնվազն 10 օր հետո: