Գավառ համայնք / Գեղարքունիք
Ընդհանուր նկարագիր
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 24-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն (ՀՕ 328-Ն)՝ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Գավառ բազմաբնակավայր համայնքը:
Այսպիսով, ներկայումu Գավառ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են Գավառ քաղաքը և Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիրգյուղ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան գյուղերը: Համայնքի կենտրոնը Գավառ քաղաքն է: Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 98 կմ է: Համայնքի վարչական տարածքը կազմում է 25228.08 հա։ Համայնքի տնային տնտեսությունների թիվը 15476 է, առկա բնակչության թիվը կազմում է 61904 մարդ, որից տղամարդ` 31867 (51,5%), կին` 30037 (48,5%): Համայնքը գտնվում է Սևանա լճի ավազանի արևմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերին` 7-8 բալանոց սեյսմիկ գոտում: Գտնվում է ծովի մակարդակից 1925-2160 մետր բարձրության վրա, ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է` 3598մ բարձրությամբ: Համայնքը սահմանակից է Կոտայքի մարզին, Մարտունի և Սևան համայնքներին։
Կլիմայական պայմանների տեսանկյունից տարածքը բաժանվում է բարեխառն, երկարատև տաք ամառներ և ցուրտ ձմեռներ ունեցող գոտիների, որոնք համապատասխանաբար բնորոշ են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային գոտիներին, ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 450 մմ է: Արևային օրերի քանակը տարեկան կազմում է մոտ 320 օր: Օդի միջին ջերմաստիճանը հունվարին -3.90 C է, իսկ հուլիսին՝ +18.70 C:
Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Աշխարհագրական և բնակլիմայական դիրքից ելնելով՝ համայնքում հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում մշակում են ցորեն, գարի, կարտոֆիլ, կաղամբ, կորնգան և առվույտ: Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ և միս։ Վերջին տարիներին զարգանում է մեղվապահությունը:
Գավառ քաղաքում 2014 թվականից իր գործունեությունն է սկսել «Սևան» հանքային ջրերի գործարանը։ Համայնքում գործում են արիշտայի, կիսաֆաբրիկատների, հացի, թխվածքի, օրգանական պարարտանյութերի, կոշիկի, տրիկոտաժի արտադրամասեր, կաթի մթերման կետեր: Արտադրված արտադրանքի սպառման հիմնական շուկան Հայաստանի Հանրապետությունն է, արտադրանքի որոշ մասը նաև արտահանվում է։
Համայնքը հարուստ է պատմամշակութային կոթողներով, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում զբոսաշրջության զարգացման համար։ Դրանցից են Խալդի աստծո քաղաք-տաճարը, որը տեղացիներին հայտնի է «Բերդի գլուխ» անվանումով, hենց այդ հին բերդի տարածությունն է միջնադարում վերածվել գերեզմանատան, որտեղ կա նաև հասարակ քարերով շինված մի մատուռ` Սուրբ Ստեփանոս անունով։ Գավառ քաղաքի կենտրոնում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն կառուցվել է Գավառի մեծահարուստների միջոցներով, որոնց մեջ, հատկապես, մեծ է եղել Հայրապետ աղայի դերը։ Սուրբ Աստվածածինը, որը Գեղարքունիքի մարզի մայր եկեղեցին և առաջնորդարանն է, օծվել է 1905 թվականին։ Առաջին պատարագը մատուցել է Խրիմյան Հայրիկը: Եկեղեցուց ոչ հեռու գնտվում է 1848 թ-ին կառուցված Սբ. Կարապետ բազիլիկ եկեղեցին: Եկեղեցին խորհրդային տարիներին վերածվել էր պահեստի, իսկ այնուհետև անուշադրության էր մատնվել: 2012 թ-ին վերանորոգվեց և վերաբացվեց որպես գործող եկեղեցի: 1952թ. Գավառում բացվել է Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանը, որտեղ պահվում են տարածաշրջանում հայտնաբերված բազմաթիվ հնագիտական նյութեր: Քաղաքից Արծվաքար տանող ճանապարհի եզրին գտնվում է Սուրբ Հովհաննես մատուռը, որը շինված է փլված ժայռաբեկորներից կազմված նեղ անցքի մեջ:Արծվաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցին,կառուցվել է 19-րդ դարում, ձեռակերտ շինվածք է: Գտնվում է Արծվաքար թաղամասի արևմտյան եզրին: Հացառատ թաղամասում պահպանվել են իրար կից Սբ. Աստվածածին և Սբ. Գրիգոր եկեղեցիները` շրջապատված պարսպով: Սբ. Աստվածածին եկեղեցու կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Թեև, եկեղեցու արևելյան ճակատի վրա պահպանված շինարարական արձանագրության համաձայն, եկեղեցին կառուցել է Շաղաբաթ իշխան Առնեղացին 898 թ., սակայն իր ճարտարապետական տիպով և հարդարանքի տարրերով Սբ. Աստվածածին եկեղեցին վերագրվում է VII դ.: Ենթադրվում է, որ 898 թ. կարող է նորոգման տարեթիվը լինել: «Զիարաթ» սրբատեղին գտնվում է Գավառ քաղաքից 11 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ-արևմուտք: Բարձրությունը ծովի մակարդակից՝ 2200-2300 մետր: Տեղի հայերեն անվանումը կորսված է՝ դարեր առաջ հայբնակչության բնաջնջման հետևանքով։ Սբ. Գրիգոր եկեղեցին կից է Սբ. Աստվածածին եկեղեցուն` հարավային կողմից: Կառուցվել է XIX դ., ավելի հին եկեղեցու հիմքի վրա: Պահպանվել են հին եկեղեցու պատերի մնացորդները: Եկեղեցիների շուրջը ընդարձակ գերեզմանատուն է` բազմաթիվ թվագիր խաչքարերով և տապանաքարերով: Նորատուս գյուղի կենտրոնում գտնվում է Սբ. Աստվածածին եկեղեցին` կառուցված 9-րդ դարի վերջին` Գեղարքունիի Սահակ իշխանի կողմից: Գյուղի հարավային եզրին է գտնվում Սբ. Գրիգոր Լուսավորիչ կամ Դափուց վանքը: Այն այժմ կենտրոնագմբեթ փոքր եկեղեցի է, որին արտաքուստ հյուսիսում և հարավում, ավելացվել են երկու խորաններ: Գյուղից դեպի արևելք, գտնվում է Շոռ գոլի վանքը: Ասում են հնում այդ տարածքում եղել է մի շոռ գոլ (աղի ջրով լցված լճակ), որի պատճառով վանքը կոչվում է Շոռ գոլի վանք: Նորատուսի մեծ պատմական գերեզմանոցը համանուն հուշարձանների խմբում յուրահատուկ տեղ ունի: Գերեզմանոցի պատմական կարևորություն ունեցող խաչքարերի թիվը անցնում է 900-ից: Կարմիրգյուղի կենտրոնում է գտնվում Սբ. Գրիգոր եկեղեցին, որին տեղացիներն անվանում են Խոնարհուկ ժամ կամ Խաչեր: Թվագրվում է 15-րդ դարին: Գյուղում գտնվում է նաև Սբ. Աստվածածին եկեղեցին, որի կառուցման թվականը հայտնի չէ: Կառույցի հնագույն մասը 10-րդ դարի շինություն է: Ներկա կառույցը վերաշինվել է 17-րդ դարում:Իլիկավանք եկեղեցի (Իլկեվանից անապատ, Պառավի վանք). Գտնվում է Լանջաղբյուր գյուղի հարավարևելյան կողմում, կիկլոպյան ամրոցից քիչ հեռու, «Պառավի դար» կոչված բլրի լանջին: Խաչաձև հատակագծով գմբեթավոր փոքր շինություն է (VII դ.): Կանգուն է: Արձանագրություն չունի: XI-XII դդ. հիշատակվում է Իլկեվանից անապատ անունով: Ծովազարդ գյուղում և շրջակայքում պահպանվել են դամբարաններ (Ք.ա. 2-1-ին հզմ.), եկեղեցի (4-18 դդ.), միջնադարյան բազում խաչքարեր և նորակառույց երկու մատուռ Սբ. Գրիգոր Նարեկացու անվամբ: Ծովազարդում, հենց ճամփեզրին է գտնվում «Խաչ և Սուր» հուշահամալիրը, որի բացումը տեղի է ունեցել 1993 թ-ին: Հուշահամալիրը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին: Բերդկունք քաղաքի ավերակներից մինչև այժմ պահպանվում է կիկլոպյան տիպի (բրոնզի դար) ամրոցը, որը անվանվել է Աղկալա /Սպիտակ բերդ/, տեղացիները անվանում են իշխանանց ամրոց, ի պատիվ Աշոտ Երկաթի: Ծաղկաշենի Սբ․ Հովհաննես կամ, տեղացիների շրջանում ավելի տարածված, Սբ․ Աստվածածին եկեղեցի (9-10 րդ դդ.)։ Գանձակ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, միանավ բազիլիկ կառույց է, շրջակայքում կան տապանաքարեր, խաչքարեր, որոնց վրա կան տարբեր ժամանակաշրջանների փորագրություններ։ Գեղարքունիք գյուղում գտնվում են Սբ․ Գևորգ 15-16 դդ․, Սբ․ Ստեփանոս 13-14 դդ. /վերականգնված՝ 20 դ․/ մատուռները, որից 1 կմ հյուսիս արևելք հատվածում գտնվում է նաև Մ․Թ․Ա․ 2 հազարամյակի թվագրված Դամբարանադաշտը:Սուրբ Խաչ մատուռը, որը գտնվում է Գեղամա լեռների համանուն լեռնագագաթին՝ 2460 մ բարձրության վրա։ Վերջինս կառուցվել է 15-րդ դարում: Հայրավանք վանական համալիրը գտնվում է Հայրավանք բնակավայրի հյուսիս-արևելյան մասում՝ Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա։ Զբոսաշրջիկների երթուղիներում իր ուրույն տեղը ունի Աժդահակ լեռնագագաթը, որը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագծին: Գագաթին կա խառնարանային լիճ:
Գավառը որպես զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող համայնք առանձնանում է նաև այլ բնորոշիչներով.
Գավառի երկրագիտական թանգարանում ներկայացված են Հայաստանի՝ մասնավորապես Գավառ քաղաքի պատմությանը նվիրված հետաքրքիր կտավներ, գորգեր, հին բնակավայրերի վերարտադրություններ, մարզի և Սևանա լճի պատմությանը նվիրված այլ նմուշներ: Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը կազմավորվել է 1935թ-ին: ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության որոշմամբ 1950 թվականին Կամոյի պետական թատրոնը անվանակոչվել է Լևոն Քալանթարի անունով:Գտնվում է Գավառի կենտրոնական հրապարակի տարածքում: Անձնագիր-հուշապատը ներկայացնում է «Բերդիգլուխ» կոչվող վայրից գտնված Սեպագիր արձանագրությունը, որը թողել է ուրարտական թագավոր Ռուսան, Սարդուրի որդին: Արձանագրությունը ներկայացված է եռալեզու: Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող կոթողը տեղադրված է քաղաքի կենտրոնում, Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ: Հուշարձանը բազալտե սրբատաշ քարից է, 14 մետր բարձրությամբ՝ զարդարված մանրաքանդակներով: Սամվել Քոչարյանցի պուրակը գտնվում է Գավառի կենտրոնական հրապարակի հարևանությամբ: Այստեղ տեղադրված է ռազմական միջուկային զենքի գլխավոր կոնստրուկտոր, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, նորբայազետցի Սամվել Գրիգորի Քոչարյանցի կիսանդրին: Գավառագետի վտակ Գռիձորի հովիտն իրենից ներկայացնում է մի գեղատեսիլ սառցադաշտային տրոգ 200 մ խորությամբ, 300 մ լայնությամբ և 1 կմ երկարությամբ: Տրոգի հատակի երկարությամբ ձգվող խզվածքային գոտուց բխում են բազմաթիվ հանքային աղբյուրներ: Այստեղով է անցնում դեպի Սևանա լիճը ձգվող տեկտոնական խզվածքը, որի երկարությամբ դուրս են գալիս բազմաթիվ հանքային աղբյուրներ։ Տրոգը սկսվում է 3340 մ բարձրությունից և ձգվում է մոտ 500 մ։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենասառնորակ ջուր պարունակող աղբյուրներց մեկը՝ +4˚C: Տրոգի վերջնամասում, Գռիձոր գետի ջրերը 3մ բարձրությունից գահավիժելով ցած, առաջացնում են ջրվեժ։ Գեղամա լեռնավահանի մերձգագաթային սարավանդի վրա է գտնվում Ակնա լիճը։ Ակնա լճի ջրհավաք ավազանի մակերեսը զբաղեցնում է մոտավորապես 8.2կմ, որից 0.53 կմ2 զբաղեցնում է լճի հայելու մակերեսը: 1959թ.-ից վերածվել է լիճ-ջրամբարի: Կառուցվել է բնական լճի բազայի վրա: Լիճը հատակագծում ունի անկանոն ձվաձև տեսք` երկու փոքր խորշերով, որոնք գտնվում են լճի հարավային և արևելյան հատվածներում։ Նորատուս Գյուղից 2կմ արևելք լճի ափամերձ հարթության վրա վեր է խոյանում 200 մ հարաբերական բարձրությամբ խարամային հրաբխային կոն, որը ժայթքել է հոլոցենում: Նրա արևելյան լանջերում կան 2 ընդարձակ քարայրներ, որոնք եղել են նախնադարյան մարդու կացարաններ: Իսկ կոնի գագաթային մասում պահպանվել են կիկլոպյան ամրոցի մնացորդներ:
Եվ հատուկ տեղ ունի խոհանոցը։ Կարմիր ցորենից պատրաստվող ավանդական հացը սննդային մեծ արժեք ունի և դիտարկվում է որպես բիո։ Գաթան, շաքար-լոխումը և փախլավան, որոնք Գավառին բնորոշ խմորեղեններ են։ Աղաջրի մեջ առանց համեմունքների եփած իշխան ձուկը մարզի յուրահատուկ ճաշատեսակներից մեկն է։ Քյուֆթան Գավառի ամենահայտնի ճաշատեսակն է, որը պատրաստվում է փայտի վրա ծեծած մսից, որից պատրաստում են գնդեր և եփում ջրում։
Խորհրդային Միության փլուզումից և անկախ պետականության հռչակումից հետո, Հայաստանում ամբողջությամբ պահպանվել էր խորհրդային վարչական համակարգից ժառանգություն մնացած տեղական խորհուրդների համակարգը, որն իր բնույթով և էությամբ տեղական ինքնակառավարում որակվել չէր կարող, քանզի տեղական խորհուրդները հանդիսանում էին պետական իշխանության մարմիններ:1996 թվականին Հայաստանի Հանրապետությունում կազմավորվեց Տեղական ինքնակառավարման համակարգը: Տեղական ինքնակառավարումը՝ համայնքի իրավունքն ու կարողությունն է, սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով, սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը: Այսպես է սահմանված Տեղական ինքնակառավարումը ՀՀ Սահմանադրությամբ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ 1996թ. Գավառում առաջին անգամ անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց Ֆելիքս Արտավազդի Ղարաբաղցյանը: Նա պաշտոնավարել է մինչև 2002թ.:Գավառի երկրորդ քաղաքապետ ընտրվեց Գրիշա Մուշեղի Հովեյանը, որը պաշտոնավարեց մինչև 2005թ. հոկտեմբերի 25-ը:
Գավառի երրորդ քաղաքապետն է Գուրգեն Երվանդի Մարտիրոսյանը, ով պաշտոնավարում է մինչ օրս:
Համայնքապետարանն առաջնորդվում է «Չկա քաղաքի բնակչին հետաքրքրող հարց, որը չի վերաբերում քաղաքապետարանին» սկզբունքով և իր առջև նպատակ է դրել բարելավել և զարգացնել համայնքի տնտեսական, սոցիալական, մշակույթի ռեսուրսները և շրջակա միջավայրի պահպանությունը:
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Կից ներկայացված է տեղեկատվություն Գավառի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթամշակութային և արտադպրոցական հաստատությունների մասին
Facebook
Location on Google Maps
YouTube