Ընդհանուր նկարագիր
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 24-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն (ՀՕ 328-Ն)՝ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Գավառ բազմաբնակավայր համայնքը:
Այսպիսով, ներկայումu Գավառ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են Գավառ քաղաքը և Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիրգյուղ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան գյուղերը: Համայնքի կենտրոնը Գավառ քաղաքն է: Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 98 կմ է: Համայնքի վարչական տարածքը կազմում է 25228.08 հա։ Համայնքի տնային տնտեսությունների թիվը 15476 է, առկա բնակչության թիվը կազմում է 61904 մարդ, որից տղամարդ` 31867 (51,5%), կին` 30037 (48,5%): Համայնքը գտնվում է Սևանա լճի ավազանի արևմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերին` 7-8 բալանոց սեյսմիկ գոտում: Գտնվում է ծովի մակարդակից 1925-2160 մետր բարձրության վրա, ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է` 3598մ բարձրությամբ: Համայնքը սահմանակից է Կոտայքի մարզին, Մարտունի և Սևան համայնքներին։
Կլիմայական պայմանների տեսանկյունից տարածքը բաժանվում է բարեխառն, երկարատև տաք ամառներ և ցուրտ ձմեռներ ունեցող գոտիների, որոնք համապատասխանաբար բնորոշ են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային գոտիներին, ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 450 մմ է: Արևային օրերի քանակը տարեկան կազմում է մոտ 320 օր: Օդի միջին ջերմաստիճանը հունվարին -3.90 C է, իսկ հուլիսին՝ +18.70 C:
Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Աշխարհագրական և բնակլիմայական դիրքից ելնելով՝ համայնքում հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում մշակում են ցորեն, գարի, կարտոֆիլ, կաղամբ, կորնգան և առվույտ: Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ և միս։ Վերջին տարիներին զարգանում է մեղվապահությունը:
Գավառ քաղաքում 2014 թվականից իր գործունեությունն է սկսել «Սևան» հանքային ջրերի գործարանը։ Համայնքում գործում են արիշտայի, կիսաֆաբրիկատների, հացի, թխվածքի, օրգանական պարարտանյութերի, կոշիկի, տրիկոտաժի արտադրամասեր, կաթի մթերման կետեր: Արտադրված արտադրանքի սպառման հիմնական շուկան Հայաստանի Հանրապետությունն է, արտադրանքի որոշ մասը նաև արտահանվում է։
Համայնքը հարուստ է պատմշակութային կոթողներով, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում զբոսաշրջության զարգացման համար։ Դրանցից են Խալդ աստծո քաղաք-տաճարը, որը տեղացիներին հայտնի է «Բերդի գլուխ» անվանումով, hենց այդ հին բերդի տարածությունն է միջնադարում վեր ածվել գերեզմանատան, ուր կա նաև հասարակ քարերով շինված մի մատուռ` Սուրբ Ստեփանոս անունով։ Գավառ քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն կառուցվել է Գավառի մեծահարուստների միջոցներով, որոնց մեջ հատկապես մեծ է եղել Հայրապետ աղայի դերը։ Սուրբ Աստվածածինը, որը Գեղարքունիքի մարզի մայր եկեղեցին եւ առաջնորդարանն է, օծվել է 1905 թվականին։ Առաջին պատարագը մատուցել է Խրիմյան Հայրիկը: Եկեղեցուց ոչ հեռու գնտվում է 1848 թ-ին կառուցված Սբ. Կարապետ բազիլիկ եկեղեցին: Եկեղեցին խորհրդային տարիներին վերածվել էր պահեստի, իսկ այնուհետեւ անուշադրության էր մատնվել: 2012 թ-ին վերանորոգվեց եւ վերաբացվեց որպես գործող եկեղեցի: 1952թ. Գավառում բացվել է Գավառագիտական թանգարանը, ուր պահվում են տարածաշրջանում հայտնաբերված բազմաթիվ հնագիտական նյութեր: Քաղաքից Արծվաքար տանող ճանապարհի եզրին գտնվում է Սուրբ Հովհաննես մատուռը, որը շինված է փլված ժայռաբեկորներից կազմված նեղ անցքի մեջ: Արծվաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցի: 19-րդ դար, ձեռակերտ շինվածք: Գտնվում է Արծվաքար թաղամասի արեւմտյան եզրին: Հացառատ թաղամասում պահպանվել են իրար կից Ս. Աստվածածին եւ Ս. Գրիգոր եկեղեցիները` շրջապատված պարսպով: Ս. Աստվածածին եկեղեցու կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Թեեւ, եկեղեցու արեւելյան ճակատի վրա պահպանված շինարարական արձանագրության համաձայն, եկեղեցին կառուցել է Շաղաբաթ իշխան Առնեղացին 898 թ., սակայն իր ճարտարապետական տիպով եւ հարդարանքի տարրերով Ս. Աստվածածին եկեղեցին վերագրվում է VII դ.: Ենթադրվում է, որ 898 թ. կարող է նորոգման տարեթիվը լինել: «Զիարաթ» սրբատեղին գտնվում է Գավառքաղաքից 11 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ-արեւմուտք: Բարձրությունը ծովի մակարդակից՝ 2200-2300 մետր: Տեղի հայերեն անվանումը կորսված է՝ դարեր առաջ հայբնակչության բնաջնջման հետեւանքով։ Ս. Գրիգոր եկեղեցին կից է Ս. Աստվածածին եկեղեցուն` հարավային կողմից: Կառուցվել է XIX դ., ավելի հին եկեղեցու հիմքի վրա: Պահպանվել են հին եկեղեցու պատերի մնացորդները: Եկեղեցիների շուրջը ընդարձակ գերեզմանատուն է` բազմաթիվ թվագիր խաչքարերով եւ տապանաքարերով: Նորատուս գյուղի կենտրոնում գտնվում է ս. Աստվածածին եկեղեցին` կառուցված 9-րդ դարի վերջին` Գեղարքունիի Սահակ իշխանի կողմից: Գյուղի հարավային եզրին է գտնվում ս. Գրիգոր Լուսավորիչ կամ Դափուց վանքը: Այն այժմ կենտրոնագմբեթ փոքր եկեղեցի է, որին արտաքուստ հյուսիսում եւ հարավում, ավելացվել են երկու խորաններ: Գյուղից դեպի արևելք, գտնվում է Շոռ գոլի վանքը: Ասում են հնում այդ տարածքում եղել է մի շոռ գոլ (աղի ջրով լցված լճակ), որի պատճառով վանքը կոչվում է Շոռ գոլի վանք: Նորատուսի մեծ պատմական գերեզմանոցը համանուն հուշարձանների խմբում յուրահատուկ տեղ ունի: Գերեզմանոցի պատմական կարևորություն ունեցող խաչքարերի թիվը անցնում է 900-ից: Կարմիրգյուղի կենտրոնում է գտնվում ս. Գրիգոր եկեղեցին, որին տեղացիներն անվանում են Խոնարհուկ ժամ կամ Խաչեր: Թվագրվում է 15-րդ դարին: Գյուղում գտնվում է նաեւ ս. Աստվածածին եկեղեցին, որի կառուցման թվականը հայտնի չէ: Կառույցի հնագույն մասը 10-րդ դարի շինություն է: Ներկա կառույցը վերաշինվել է 17-րդ դարում: Իլիկավանք եկեղեցի (Իլկեվանից անապատ, Պառավի վանք). Գտնվում է Լանջաղբյուր գյուղի հարավարեւելյան կողմում, կիկլոպյան ամրոցից քիչ հեռու, «Պառավի դար» կոչված բլրի լանջին: Խաչաձեւ հատակագծով գմբեթավոր փոքր շինություն է (VII դ.): Կանգուն է: Արձանագրություն չունի: XI-XII դդ. հիշատակվում է Իլկեվանից անապատ անունով: Ծովազարդ գյուղում եւ շրջակայքում պահպանվել են դամբարաններ (Ք.ա. 2-1-ին հզմ.), եկեղեցի (4-18 դդ.), միջնադարյան բազում խաչքարեր եւ նորակառույց երկու մատուռ Ս. Գրիգոր Նարեկացու անվամբ: Ծովազարդում, հենց ճամփեզրին է գտնվում «Խաչ եւ Սուր» հուշահամալիրը, որը բացումը տեղի ունեցավ 1993 թ-ին: Հուշահամալիրը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին: Բերդկունք քաղաքի ավերակներից մինչեւ այժմ պահպանվում է կիկլոպյան տիպի (բրոնզի դար) ամրոցը, որը անվանվել է Աղկալա /Սպիտակ բերդ/, տեղացիները անվանում են իշխանանց ամրոց, ի պատիվ Աշոտ Երկաթի: Ծաղկաշենի Սբ․ Հովհաննես կամ, տեղացիների շրջանում ավելի տարածված, Սբ․ Աստվածածին եկեղեցի (9-10 րդ դդ.)։ Գանձակ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, միանավ բազիլիկ կառույց է, շրջակայքում կան տապանաքարեր, խաչքարեր, որոնց վրա կան տարբեր ժամանակաշրջանների փորագրություններ։ Գեղարքունիք գյուղում գտնվում են Սբ․ Գեւորգ 15-16 դդ․, Սբ․ Ստեփանոս 13-14 դդ. /վերականգնված՝ 20 դ․/ մատուռները, որից 1 կմ հյուսիս արեւելք հատվածում գտնվում է նաեւ Մ․Թ․Ա․ 2 հազարամյակի թվագրված Դամբարանադաշտը:Սուրբ Խաչ մատուռը, որը գտնվում է Գեղամա լեռների համանուն լեռնագագաթին՝ 2460 մ բարձրության վրա։ Վերջինս կառուցվել է 15-րդ դարում: Հայրավանք վանական համալիրը գտնվում է Հայրավանք բնակավայրի հյուսիս-արևելյան մասում՝ Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա։ Զբոսաշրջիկների երթուղիներում իր ուրույն տեղը ունի Աժդահակ լեռնագագաթը, որը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագծին: Գագաթին կա խառնարանային լիճ:
Գավառը որպես զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող համայնք առանձնանում է նաեւ այլ բնորոշիչներով.
Գավառի երկրագիտական թանգարանում ներկայացված են Հայաստանի մասնավորապես Գավառ քաղաքի պատմությանը նվիրված հետաքրքիր կտավներ, գորգեր, հին բնակավայրերի վերարտադրություններ, մարզի եւ Սեւանա լճի պատմությանը նվիրված այլ նմուշներ: Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը կազմավորվել է 1935թ-ին: ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության որոշմամբ 1950 թվականին Կամոյի պետական թատրոնը անվանակոչվել է Լեւոն Քալանթարի անունով: Գավառի կենտրոնական հրապարակի տարածքում: Անձնագիր-հուշապատը ներկայացնում է «Բերդիգլուխ» կոչվող վայրից գտնված Սեպագիր արձանագրությունը, որը թողել է ուրարտական թագավոր Ռուսան, Սարդուրի որդին: Արձանագրությունը ներկայացված է եռալեզու: Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող կոթողը տեղադրված է քաղաքիկենտրոնում, Սուրբ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ: Հուշարձանը բազալտե սրբատաշքարից է, 14 մետրբարձրությամբ՝ զարդարված մանրաքանդակներով: Սամվել Քոչարյանցի պուրակը գտնվում է Գավառի կենտրոնական հրապարակի հարեւանությամբ: Այստեղ տեղադրված է ռազմական միջուկային զենքի գլխավոր կոնստրուկտոր, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան եւ պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, նորբայազետցի Սամվել Գրիգորի Քոչարյանցի կիսանդրին: Գավառագետի վտակ Գռիձորի հովիտն իրենից ներկայացնում է մի գեղատեսիլ սառցադաշտային տրոգ 200 մ խորությամբ, 300 մ լայնությամբ և 1 կմ երկարությամբ: Տրոգի հատակի երկարությամբ ձգվող խզվածքային գոտուց բխում են բազմաթիվ հանքային աղբյուրներ: Այստեղով է անցնում դեպի Սևանա լիճը ձգվող տեկտոնական խզվածքը, որի երկարությամբ դուրս են գալիս բազմաթիվ հանքային աղբյուրներ։ Տրոգը սկսվում է 3340 մ բարձրությունից և ձգվում է մոտ 500 մ։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենասառնորակ ջուր պարունակող աղբյուրներց մեկը՝ +4˚C: Տրոգի վերջնամասում Գռիձոր գետի ջրերը 3մ բարձրությունից գահավիժելով ցած առաջացնում են ջրվեժ։ Գեղամա լեռնավահանի մերձգագաթային սարավանդի վրա է գտնվում Ակնա լիճը։ Ակնա լճի ջրհավաք ավազանի մակերեսը զբաղեցնում է մոտավորապես 8.2կմ, որից 0.53 կմ2 զբաղեցնում է լճի հայելու մակերեսը: 1959թ.-ից վեր է ածվել լիճ-ջրամբարի: Կառուցվել է բնական լճի բազայի վրա: Լիճը հատակագծում ունի անկանոն ձվաձև տեսք` երկու փոքր խորշերով, որոնք գտնվում են լճի հարավային և արևելյան հատվածներում։ Նորատուս Գյուղից 2կմ արևելք լճի ափամերձ հարթության վրա վեր է խոյանում 200 մ հարաբերական բարձրությամբ խարամային հրաբխային կոն, որը ժայթքել է հոլոցենում: Նրա արևելյան լանջերում կան 2 ընդարձակ քարայրներ, որոնք եղել են նախնադարյան մարդու կացարաններ: Իսկ կոնի գագաթային մասում պահպանվել են կիկլոպյան ամրոցի մնացորդներ:
Եվ հատուկ տեղ ունի խոհանոցը։ Կարմիր ցորենից պատրաստվող ավանդական հացը սննդային մեծ արժեք ունի եւ դիտարկվում է որպես բիո։ Գաթան, շաքար-լոխումը եւ փախլավան, որոնք Գավառին բնորոշ խմորեղեններ են Աղաջրի մեջ առանց համեմունքների եփած իշխան ձուկը մարզին յուրահատուկ ճաշատեսակներից մեկն է։ Քյուֆթան Գավառի ամենահայտնի ճաշատեսակն է, որը պատրաստվում է փայտի վրա ծեծած մսից, որից պատրաստում են գնդեր եւ եփում ջրում։
Խորհրդային Միության փլուզումից եւ անկախ պետականության հռչակումից հետո, Հայաստանում ամբողջությամբ պահպանվել էր խորհրդային վարչական համակարգից ժառանգություն մնացած տեղական խորհուրդների համակարգը, որն իր բնույթով և էությամբ տեղական ինքնակառավարում որակվել չէր կարող, քանզի տեղական խորհուրդները հանդիսանում էին պետական իշխանության մարմիններ:1996 թվականին Հայաստանի Հանրապետությունում կազմավորվեց Տեղական ինքնակառավարման համակարգը: Տեղական ինքնակառավարումը´ համայնքի իրավունքն ու կարողությունն է սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը: Այսպես է սահմանված Տեղական ինքնակառավարումը ՀՀ Սահմանադրությամբ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի´ 1996թ. Գավառում առաջին անգամ անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց Ֆելիքս Արտավազդի Ղարաբաղցյանը: Նա պաշտոնավարել է մինչև 2002թ.:Գավառի երկրորդ քաղաքապետ ընտրվեց Գրիշա Մուշեղի Հովեյանը, որը պաշտոնավարեց մինչև 2005թ. հոկտեմբերի 25-ը:
Գավառի երրորդ քաղաքապետն է Գուրգեն Երվանդի Մարտիրոսյանը, ով պաշտոնավարում է մինչ օրս:
Համայնքապետարանն առաջնորդվում է «Չկա քաղաքի բնակչին հետաքրքրող հարց, որը չի վերաբերում քաղաքապետարանին» սկզբունքով և իր առջև նպատակ է դրել բարելավել և զարգացնել համայնքի տնտեսական, սոցիալական, մշակույթի ռեսուրսները և շրջակա միջավայրի պահպանությունը:
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Կից ներկայացված է տեղեկատվություն Գավառի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթամշակութային և արտադպրոցական հաստատությունների մասին
Facebook
Location on Google Maps
YouTube